Դուրանտե դելլի Ալիգիերի միջնադարի իտալացի բանաստեղծ Ֆլորենցիայից։ Դանթեի մագնում օպուսը՝ Աստվածային կատակերգությունը, համարվում է իտալերենով գրված ամենանշանավոր գրական գործը և համաշխարհային գրականության գլուխգործոց: Ուշ միջնադարում պոեզիայում գերակշռում էին լատիներեն գրվածքները, որի պատճառով դրանք հասանելի էին միայն հարուստ և կրթված ընթերցողներին։ Սակայն, De vulgari eloquentia աշխատության մեջ Դանթեն պաշտպանել է գրականության մեջ մայրենի լեզվի օգտագործումը։ Նա ինքը գործածել է նույնիսկ տոսկանյան բարբառը այնպիսի ստեղծագործություններում, ինչպիսին են «Նոր կյանքը» և վերոհիշյալ «Աստվածային կատակերգությունը». այս ընտրությունը, չնայած իր ոչ ուղղափառությանը, կարևոր նախադեպ դարձավ, որին հետևեցին իտալացի գրողներ Պետրարկան և Բոկաչչոն։ Արդյունքում, Դանթեն կարևոր դեր է խաղացել Իտալիայի ազգային լեզվի ստեղծման գործում։ Դանթեի նշանակությունը տարածվել է նաև իր երկրի սահմաններից շատ ու շատ հեռու․ նրա Դժոխքի, Քավարանի և Դրախտի պատկերների նկարագրությունը ոգեշնչել է արևմտյան բազմաթիվ արվեստագետների։ Ուսումնասիրողները նշում են նրա ազդեցությունը բանաստեղծների վրա: Բացի այդ, նրան է վերագրվում տերցինի օգտագործումը, որը եռատող բանաստեղծական տան տեսակ է։Իտալիայում Դանթեին անվանում են il Sommo Poeta («Գերագույն Բանաստեղծ») և il Poeta։ Դանթեին, Պետրարկային և Բոկաչոյին անվանում են «երեք շատրվաններ»։ Դանթեին հաճախ կոչում են «իտալերենի հայր» և համարում արևմտյան քաղաքակրթության խոշորագույն գրողներից մեկը։

Դանթեի ժամանակ Իտալիայում, ինչպես և եվրոպական երկրներում, գրքի լեզուն լատիներենն էր, որը ժողովրդին անհասկանալի էր։

«Քաղցր նոր ոճի» բանաստեղծները սկսեցին ժողովրդին հասկանալի լեզվով գրել, բայց ժամանակակից իտալերենը, որպես իշխող գրական լեզու, դեռևս չէր հաստատվել։ Լատիներենի կողմնակիցները այն համարում էին ոչ պոետական լեզու, գիտական, փիլիսոփայական բովանդակությ ядուն արտահայտելու համար ոչ պիտանի։

Դաթեն խիզախ քայլ արեց. պահանջեց մի կողմ թողնել լատիներենը, գրական լեզուն դարձնել ժողովրդի խոսակցական լեզուն։ Նա գտնում էր, որ գրականությունը գիտնականների փոքրիկ խմբի համար չէ։

Դասական լատիներենի ներկայացուցիչները արհամարհում էին ժամանակակից իտալերենը։ Գրական աշխարհում ևս թերահավատ կարծիք էր տիրում։ Սիցիլիական դպրոցի բանաստեղծները գրում էին ֆրանսերեն։ Դանթեն անեծքի խոսքեր էր ասում նրանց հասցին. «Հավիտենական ամոթ այդ չարամիտ մարդկանց, որոնք գովաբանում են օտար ժողովրդի լեզուն և արհամարհում իրենց սեփականը»։

Խոսակցական լեզուն կամ որևէ բարբառ գրական լեզու դարձնելը դեռ ամենը չէր։ Անհրաժեշտ էր հմտորեն օգտագործել դրա բոլոր հնարավորությունները։ Դանթեն այդ կատարեց։ Տոսկանայի խոսակցական լեզուն այնպիսի կատարելության հասցրեց, առանձնապես «Աստվածային կատակերգությունում», որ նրանից հետո լատիներենին դիմելը անօգուտ բան էր։

Նոր գրական լեզվի ստեղծման հարց հետագայում առաջացավ նաև եվրոպական մյուս երկրներում, բայց առաջին անգամ այդ տեղի ունեցավ Իտալիայում

Դանթեն զբաղվում է փիլիսոփայության, գիտության և պատմության ուսումնասիրությամբ, որոնք շարադրված են «Խնջույք», «Ժողովրդական ճարտասանություն» աշխատություններում։

Այս երկերում ամփոփված են բանաստեղծի քաղաքական, գիտական, փիլիսոփայական և գեղագիտական հայացքները։ Այս երկերը կամուրջ են, որ տանելու էին «Աստվածային կատակերգություն»։

«Խնջույքը» կառուցվածքով հիշեցնում է «Նոր կյանքը», բաղկացած է ներածությունից և երեք մասից։ Յուրաքանչյուրը սկսում է մի կանցոնով։

«Խնջույքի» բովանդակությունը կարելի է ձևակերպել այսպես.

1) փիլիսոփայական խնդիրներ, գիտական հարցեր, ֆիզիկա, աստղաբաշխություն, երկնային լուսատուներ, արևի շարժում և այլն։

2) բարոյագիտական խորհրդածություն. ազնվություն, առաքինություն, հոգևոր և մարմնական սեր.

3) քաղաքական խնդիրներ՝ միապետության առավելությունը, միապետի պարտականությունները, ազատություն, միասնություն, ժամանակակից բարքերի քննադատություն, հասարակական, քաղաքական, բարոյական իդեալներ ու դրանց իրագործման ճանապարհները։